ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԱՌևՏՐԻ 40 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻՆ և ԱՐՏԱՔԻՆ ԱՌևՏՐԻ ՄԻՆՉև 60 ՏՈԿՈՍԸ ԵՂԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՁԵՌՔԻՆ»

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԱՌևՏՐԻ 40 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻՆ և ԱՐՏԱՔԻՆ ԱՌևՏՐԻ ՄԻՆՉև 60 ՏՈԿՈՍԸ ԵՂԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՁԵՌՔԻՆ»
20.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
-Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման արձանագրությունները ստորագրվեցին, հաջորդ քայլը խորհրդարանների կողմից վավերացումն է: Ձեր գնահատմամբ` երկու խորհրդարաններում էլ արձանագրությունները կվավերացվե՞ն:
-Կարծում եմ` արձանագրությունները երկու մարդու պայմանավորվածությունների արդյունք են: Տեքստի երկակի մեկնաբանության և թուրքական կողմի նախապայմանների մտահոգությունները մնում են և պիտի արտահայտվեն նաև խորհրդարաններում:
-Դրանք արտահայտվեցին նաև արձանագրությունների ստորագրման պահին:
-Ստորագրման պահին վերապահումների խնդիր էր դրված: Թուրքական խորհրդարանում ևս դրվելու է այդպիսի խնդիր, ուրեմն, պետք է պարզ պատկերացնենք` ինչ փաստաթուղթ ենք ստորագրել: Այդ փաստաթուղթը ստորագրելով ու վավերացնելով` մենք հանձնում ենք դիրքեր, որոնք կարող են մշտնջենական հանձնված լինել, Թուրքիան գնում է հարաբերությունների նորմալացման, փորձում է դադարեցնել ագրեսիվ գործողությունները, ինչպիսին է սահմանի փակումը: Շատ զարմանալի են իշխանական թևի հայտարարությունները, թե սահմանի բացվելով ստանում ենք մի իրավիճակ, որ եթե Թուրքիան ուզի՝ մեր բարեկեցությունը կբարձրանա, չուզի` չի բարձրանա: Եթե այդպիսի լծակ ենք հանձնում, այլևս ինչի՞ մասին ենք խոսելու: Մենք մեր հողային պահանջատիրությունը, որ միջազգային փաստաթղթերով վավեր է, որպես Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հետևանք, ինչի՞ց ելնելով ենք հանձնում: Եթե Կարսի պայմանագրի հիման վրա ձևավորված սահման է, այլ հարց է, եթե Բաթումի կամ Մոսկվայի՝ այլ հարց: Ինչպե՞ս կարող ենք տվյալ իրավարար ակտը վիճարկել, արդյոք Կարսի, Բաթումի կամ Մոսկվայի պայմանագրերը ստորագրողներն արտահայտե՞լ են հայ պետականության շահերը, իրավասո՞ւ էին ստորագրելու այդ փաստաթղթերը: Այլ հարց է, եթե վերապահումով ընդունենք, որ դեֆակտո սահմանը սա է, բայց գոյություն ունի իրավարար վճիռ, որն արմատապես այլ իրավիճակ է ենթադրում: Մենք դա չենք անում, ունենում ենք մեզ համար դեռ անհայտ պայմաններով բացված սահման, որը ցանկացած պահի կարող է փակվել: Տնտեսագետների հաշվարկներով էլ հովվերգական վիճակ չի ստեղծվելու Հայաստանում. թուրքական ճանապարհով մտնող բեռները վրացական ճանապարհի համեմատ տարիֆային տատանում կարող են ունենալ 2-3 տոկոսի չափով: Ասել, որ մեր օլիգարխիկ տնտեսության պայմաններում դա ազդելու է հասարակական բարեկեցության վրա, լուրջ չէ:
-Չե՞ք կարծում, որ տնտեսական գործոնները դառնում են քաղաքական:
-Տնտեսական գործոնները միշտ են քաղաքական: Հայաստանի պես սակավ տնտեսական հնարավորությունների երկրում, բացելով դռները շատ ավելի մեծ կապիտալի զանգվածի առաջ, քան ունենք կամ գնահատվում են մեր արտադրական հզորություններն ու ռեսուրսները, կարող ենք ծանրագույն կորուստներ ունենալ` մինչև ինքնիշխանության անկում։ Ամենայն խորությամբ պետք է գիտակցենք, որ երկրի տնտեսական և քաղաքական անվտանգությունն ապահովող օրենսդրական փաթեթը չիրականացրած ենք գնում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման։ Եթե թվարկենք բոլոր խնդրահարույց ոլորտները, պարզ կդառնա, որ ծագած պրոբլեմների դաշտն իր վտանգներով կարող է վերածվել ամենակուլ ճահճի: Եվ այս ամենը, որպես ծայրահեղ վտանգ, ցանցապատված է կաշառակեր չինովնիկության պարսով, որը հարվածի տակ է դնում ազգային անվտանգությունը և երկիրը մղում համակարգային փորձությունների: Այս մտահոգությունները պետք է հրապարակայնորեն հնչեցնել, ժողովուրդը պարզ պատկերացում պետք է ունենա, թե ինչ ականապատ դաշտ է մտնում պետությունը:
-Միջազգային կազմակերպություններին անդամակցելով` Հայաստանը ճանաչել է այլ պետությունների սահմանները, ինչո՞ւ է Կարսի պայմանագիրը հիմա կարևորվում: Վարդան Օսկանյանն ասում էր` մենք 100 տարի էլ փակ սահմաններով կապրենք։ Սխալվո՞ւմ էր:
-Խնդիրն այն է, թե ինչպես կապրենք, զարգացման ինչ ընթացք կունենանք, և ինչպիսին կլինեն ժամանակի աշխարհաքաղաքական մարտահրավերները: Ներկա փոխներթափանցված աշխարհում ցանկալի է բոլոր հարևանների հետ ունենալ բարվոք հարաբերություններ և առևտրի կամ ապրանքների տեղափոխման բաց հնարավորություններ, գիտական կադրերի շրջաբերման հնարավորություններ. դա համաշխարհային կարգ է, որ դեռևս 17-րդ դարում Ֆրենսիս Բեկոնն է սահմանել Անգլիայի համար: Ամեն պետություն ունի հարաբերությունների իր առանձնահատկությունը: Թուրքիայի պես բազմազգ պետության մեջ, ուր ակնառու է ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը, կարևորագույն խնդիր է հասարակության կոնսոլիդացիան, որին հասնելու ամենակարճ ճանապարհը թշնամու կերպարի խաղարկումն է: Երբ ԱՄՆ-ը, իբրև գերտերություն, մնաց միայնակ համաշխարհային քաղաքական թատերաբեմում, Հոլիվուդը սկսեց նկարահանել տիեզերական նվաճողների մասին ֆիլմեր, որոնց դիմադրելով` ԱՄՆ-ը փրկում էր մարդկությունը: Երբ ասպարեզ իջավ միջազգային ահաբեկչությունը, տիեզերական թեման նահանջեց: Թուրքիայի կոնսոլիդացիան կատարվում է ի հաշիվ հնարավոր թշնամու, որի առավել հարմար կերպարը Հայաստանի Հանրապետությունն է: Այսօր թուրքական հասարակական կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 67-82 տոկոսը համաձայն է, որ Թուրքիայի գլխավոր թշնամին Հայաստանն է։ Թերևս այս իրավիճակին մղող զսպանակը միջազգային-իրավական հիմնավորում ունեցող մեր պահանջատիրությունն է:
-Հայաստա՞նը, թե՞ հայերը. Թուրքիան մշտապես պահանջներ է ներկայացրել նաև հայկական սփյուռքին:
-ՈՒսումնասիրությունը վերաբերում է հարևան պետություններին, ուստի` Հայաստանի Հանրապետությանը։ Հայկական սփյուռքի դեմ հակաքարոզչության համար Թուրքիան միլիոնավոր դոլարներ է ծախսում, որպեսզի հակամարտությունն իր օգտին լուծվի: Թուրքիայի հասարակական գիտակցության մեջ ներարկված է, որ հայերն իրականացրել են թուրքերի ցեղասպանություն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին անդամակցելիս սահմաններ ճանաչելուն, օրինակ, ՄԱԿ-ը, անգամ նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների սահմաններն ուրվագծելու և ճանաչելու հարցում, ունի որոշակի վերապահումներ, որ մարդու իրավունքները, ազգային փոքրամասնությունների իրավունքները, էկոլոգիական անվտանգությունը պետք է պահպանվեն, չպետք է կասեցվեն ազգային փոքրամասնությունների ինքնավարության ձգտումները և այլն։ Այս նախապայմանները թե՛ Թուրքիայի, թե՛ ղարաբաղյան հակամարտության դեպքում բացարձակ խախտված են: Արձանագրության մեջ փաստված սահմանների ճանաչումը նոր էջ է, որ կարող է նշանակել սահմանների հարցի ավարտ և հայրենազրկված ու բնաջնջված հայ ժողովրդի հավակնությունների սպառում։
-Ցեղասպանությունից համարյա մեկ դար է անցել, հայերս չենք սահմանել պահանջատիրությունը, առանձին անհատներ, կուսակցություններ հայտնել են իրենց տեսակետը, բայց մենք չգիտենք` ի՞նչ ենք ուզում։
-Սահմանադրության մեջ գրված է, որ ցեղասպանությունն ու պահանջատիրությունը խնդիրներ են, որոնց պետք է հետամուտ լինի հայկական պետությունը:
-Հետամուտ ենք լինում ի՞նչ մակարդակով` պատմական հայրենիքի մաս կազմող հողերի վերադա՞րձ, բարոյակա՞ն, թե՞ ֆինանսական փոխհատուցում:
-Այսօրվա Թուրքիայում ու Ադրբեջանում առավել շրջաբերվող փաստարկն այն է, որ ցեղասպանության մասին օրենքը՝ որպես միջազգային պատժամիջոցների կիրառման ակտ, ընդունվել է 1948-ին, հետևաբար հետադարձ ուժ չունի: Հայկական ցեղասպանության հետևանքներն իրենց ճակատագրի ու ապրելակերպի վրա կրում են աշխարհասփյուռ հայերը, ինչպես և Հայաստանի Հանրապետության բնակիչները: Մարդկության հանդեպ գործված ոճիրները վաղեմության ժամկետ չունեն:
-Իսկ հոլոքոստը 48-ից հետո՞ էր:
-Իհարկե, դա կարևոր փաստարկ է` իբրև նախադեպ: Մենք այսօր մեծ գործ ունենք` պարզելու, թե ինչ փոխհատուցում է հնարավոր: Հողային փոխհատուցո՞ւմը: Այսօրվա Թուրքիան ունի մեզնից օտարված տարածքներ, որոնք իր համար առանձնակի հետաքրքրության թիրախ չեն և բնակեցված են ոչ թուրքերով: Մենք չգիտենք` ինչքանո՞վ է տուժել հայ ժողովուրդը ցեղասպանության հետևանքով, ի՞նչ գույք ու կարողություն են կորցրել հայերը: Մեր իմացածը` Թուրքիայի ներքին առևտրի 40 տոկոսից ավելին և արտաքին առևտրի մինչև 60 տոկոսը եղել է հայերի ձեռքին: Սրանք ընդհանուր թվեր են, բայց բոլորակերպ հաշվարկ, որ մեր պահանջը շոշափելի կդարձնի, չունենք: Պետք է օր առաջ սկսել այդ աշխատատար գործընթացը:
-Դիվանագիտական հարաբերություններ կլինեն-չեն լինի, սահմանները բաց, թե փակ կլինեն, երկու երկրների միջև այդ խնդիրը մնում է չլուծված:
-Իհարկե, բայց Թուրքիայի համար օրախնդիր է հետաձգումը: Մեզնից շատերը ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրներում համարում են պարզ ինքնահոսի գործընթաց։ Դա միամտություն է: Բոլոր երկրներն էլ Թուրքիայի հետ տնտեսական շահեր ունեն, բայց ճանաչում ու դատապարտում են մի փաստ, որը Թուրքիան հերքում է և ագրեսիվ թշնամական վերաբերմունք դրսևորում այդ երկրների նկատմամբ: Արձանագրություններում փաստված հայ-թուրքական հանձնաժողովի գործունեությամբ, որը պետք է քննության առնի հայ-թուրքական հարաբերությունների կնճռոտ խնդիրները, հարցը մտցնելու ենք փակուղի: Այս գործընթացն անցանկալի է։ Նախ` անհասկանալի վիճակ ենք ստեղծում այն երկրների համար, որոնք ճանաչել են ցեղասպանությունը, երկրորդ` ցեղասպանության քննարկումը վնասելու է մեր ինքնությանը, հանգամանք, որից ելնելով՝ հրեաները բացառում են հոլոքոստի համանման քննարկումները:
-Ստորագրված արձանագրությունները Ղարաբաղի հարցի վերաբերյալ վտանգ պարունակո՞ւմ են։
-Արձանագրությունների անմիջական վտանգն այլ պետությունների ամբողջականության ճանաչման կետն է, որ բացառում է Ղարաբաղի հետ ցամաքային սահմանը: Արձանագրությունների տառին հետևելու դեպքում Ղարաբաղը նորից պետք է դառնա անկլավ, հայկական բնակչությանն այդ դեպքում հնարավոր կլինի՞ պահել, ի՞նչ արագությամբ այն կարտահոսի, ռազմական կոնֆլիկտի դեպքում դիմադրողունակ կլինի՞ շրջափակման մեջ հայտնված Ղարաբաղը, թե՞ ոչ։ Սրանք հարցեր են, որոնք ոչ միշտ կարող են դրական լուծումներ ստանալ: Ղարաբաղի հարցի լուծման դեպքում տարածքային զիջումները խիստ մեծ պրոբլեմ են և կարող են պայթեցնել վիճակը Հայաստանում էլ, Ղարաբաղում էլ: Ի՞նչ է նշանակում ազատագրված հայրենիքի մի հատվածը զիջելը: Նույն գյուղերը, որ ժամանակին հրետակոծվել են, նորից հայտնվում են հրետանային կրակի հեռավորության վրա, արդյոք դա նպաստելո՞ւ է այդտեղ ժողովրդի բնակվելուն: Արդյոք դրան համաձա՞յն են Ղարաբաղի ղեկավարությունը, բանակի ղեկավարությունը, որ պահպանում է սահմանի անվտանգությունը: Արդյոք Ղարաբաղի կղզիացումը նպաստո՞ւմ է մեր ազգային խնդիրների լուծմանը: Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանը հայտարարեց` եթե հակամարտության կողմերը մենք ենք, ձեր զորքերը հանեք մեր տարածքից, ինչը, դիվանագիտական առումով, տրամաբանական է թվում: Եթե կարծում ենք, որ երկրորդ անգամ ծուղակն ընկնելու դեպքում դա չի շահարկվի, սխալվում ենք:
-Միջազգային ճնշումը հարցի լուծման բավարար գործոն չե՞ք համարում:
-Թուրքիան 200 միլիարդ դոլարի արտաքին պարտք ունեցող երկիր է, տնտեսական վիճակը շտկելու համար 47 միլիարդի վարկ է ակնկալում, իսկ դա Թուրքիայի վրա Արևմուտքի ճնշման լուրջ հնարավորություն է: Այդ թելադրանքը պարզորոշ զգացվեց, երբ Էրդողանը հայտարարեց, որ Օսմանյան կայսրության իշխանությունը ֆաշիստական է եղել: Դա նշանակում էր ստանձնել և՛ ցեղասպանությունը, և՛ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը, և՛ այլ մեղքեր:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ